ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե թիրախը ոստիկանապետն էր, ապա ինչո՞ւ էին պայթուցիչը նրա տնից հեռու դրել»

«Եթե թիրախը ոստիկանապետն էր, ապա ինչո՞ւ էին պայթուցիչը նրա տնից հեռու դրել»
01.08.2008 | 00:00

«ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄՆԱԼ»
Ինչպես հայտնի է, վերջին իրադարձությունների պատճառով աննախադեպ լարվել էր ընդհանուր մթնոլորտը Ջավախքում։ Այս կապակցությամբ պարզաբանումներ է տալիս «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-Պարոն Մարգարյան, վերջին իրադարձություններից հետո ինչպիսի՞ն է այժմ իրադրությունը Ջավախքում։
-Առերես հանգիստ, որովհետև իրավապահ կառույցներն ակտիվ գործողություններ այս պահին չեն իրականացնում։ Բացի այն, որ ոստիկանությունը, իհարկե, շարունակում է փնտրել սպանության մեջ կասկածվող Գուրգեն Շիրինյանին, թերևս, համապատասխան աշխատանքներ տարվում են նաև պայթյունի գործի հետ կապված։
-Եթե չեմ սխալվում, Շիրինյանին մեղադրում են երկու ոստիկանի սպանության մեջ։
-Ո՛չ, այդպես չէ։ Իրադարձությունները, ինչպես հայտնի է, զարգացել են հետևյալ կերպ. Ախալքալաքի շրջանային ոստիկանության պետի տնից երկու տուն այն կողմ, անբնակ տան առջև ռումբ է պայթել։ Որից հետո ոստիկանությունը գործողություն է ձեռնարկել այդ պայթյունի հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ և, իբրև կասկածյալ, փորձել է բերման ենթարկել «Միասնական Ջավախք» կազմակերպության ակտիվիստներից Գուրգեն Շիրինյանին։ Նրանց տանն իրականացվել է խուզարկություն ինչպես իրեն, այնպես էլ զենք հայտնաբերելու նպատակով, և հենց այդ ժամանակ էլ, ըստ ոստիկանության, Շիրինյանի կողմից ցուցաբերված զինված դիմադրության պատճառով զոհվել է մի ոստիկան։
Երկրորդ ոստիկանի մահը հիմա ավելի շատ որակվում է որպես ինքնասպանություն։ Որովհետև ոստիկանությունն օպերատիվ գործողություն է իրականացրել Ախալքալաքի ծայրամասում գտնվող քանդված շինության շրջակայքում։ Երբ ոստիկանության աշխատողները մտել են այդ շինությունը, լսվել է կրակոց, որից հետո դուրս են բերել երկրորդ ոստիկանի դիակը։ Հիմա պարզ չէ, թե ի՞նչ է տեղի ունեցել ներսում, դա անզգո՞ւյշ կրակոց է եղել, թե՞ իսկապես ինքնասպանություն։ Մյուս կողմից էլ հասկանալի չէ, թե ինքնասպանության մտադրություն ունեցող մարդն ինչո՞ւ է համաձայնել մասնակցել օպերատիվ գործողության։
Ընդհանրապես, պաշտոնական տեղեկատվությունը շատ սուղ է, գրեթե ոչինչ չի պարզաբանվում բնակչությանը, ինչն էլ անհանգստության և լարվածության մթնոլորտ է ստեղծում։ Հասկանալի է, որ օպերատիվ տվյալներ կան, որոնք ոստիկանությունն իրավասու է չհրապարակել, բայց, այնուհանդերձ, բնակչությանը որոշակի տեղեկություն պետք է տրվի։
-Քանի՞ մարդ է ձերբակալվել կամ կալանավորվել այդ իրադարձությունների հետևանքով։ Գործողություններն իրականացրել է միայն Ախալքալաքի՞ շրջանի ոստիկանությունը, թե՞ նաև Թբիլիսիից օժանդակ ուժեր են ժամանել։
-Շրջանառվող լուրերի համաձայն, բացի տեղական ոստիկանության ուժերից, Թբիլիսիից Ջավախք են ժամանել հատուկ ջոկատայիններ՝ մինչև 300 մարդ, որոնք էլ ոստիկանության հետ միասին իրականացրել են բոլոր գործողությունները։ Ձերբակալված էր մոտ 15 մարդ, հիմնականում՝ «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավարներ Գուրգեն Շիրինյանի և Վահագն Չախալյանի ընտանիքների անդամներն ու կազմակերպության ակտիվիստները։ Մի մասին արդեն բաց են թողել, մյուս մասը, այդ թվում՝ Վահագն Չախալյանը, դեռ կալանքի տակ է, Գուրգեն Շիրինյանը հետախուզման մեջ է։
-Ընտանիքի անդամների և կազմակերպության ակտիվիստների ձերբակալությունները ի՞նչ հիմքով կամ պատճառաբանությամբ են իրականացվել։
-Հասկանալի չէ, որովհետև ոստիկանությունը պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրում։ Ըստ այդմ, պարզ չէ, թե անբնակ տան մոտ տեղի ունեցած պայթյունից հետո, որի պատճառով միայն ապակիներ են կոտրվել, և ոչ ոք չի տուժել, որքանո՞վ էին արդարացված այդպիսի խուզարկությունները և ձերբակալությունները։ Ընտանիքի անդամները չեն կարող պատասխանատու լինել, եթե անգամ իրենց ընտանիքի մեկ այլ անդամը կասկածվում է լուրջ հանցագործության մեջ, և եթե անգամ բնակարանը խուզարկելիս զենք է հայտնաբերված, դա դեռ չի նշանակում, թե տան բոլոր բնակիչներն անպայման տեղյակ էին դրան։ Հետևապես, ընտանիքի անդամներին, ինչպես նաև կազմակերպության ակտիվիստներին կալանքի վերցնելու շարժառիթները պարզ չեն։ «Միասնական Ջավախք» կազմակերպությունը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար։ Եթե անգամ այդ կազմակերպության առանձին անդամների կասկածում են դրա մեջ, բոլորովին հասկանալի չեն կազմակերպությանն արվող վերագրումները։ Այնուհանդերձ փաստ է, որ ոստիկանության ձեռնարկած գործողությունների պատճառով երկու երիտասարդ զոհվեց։
-Երկուսն էլ, կարծեմ, ազգությամբ հայ էին։
-Այո, բայց տվյալ պարագայում ազգությունը կարևոր չէ։ Կատարվածի շարժառիթներն ամբողջությամբ պարզ չեն, որովհետև բավարար տեղեկատվություն չկա։
-Կալանքի վերցված մարդկանց ինչո՞ւ են տեղափոխել Թբիլիսի։
-Դա էլ չի բացատրվում։ Շրջանառվող լուրերի համաձայն, երբ Գուրգեն Շիրինյանենց տանն իրականացվող խուզարկության ժամանակ նրա կողմից դիմադրություն է եղել, և զոհվել է ոստիկաններից մեկը՝ 23 տարեկան երիտասարդ տղա, նրա համագյուղացիները մեծ խմբով եկել են Ախալքալաք, մտել ոստիկանության շենք բողոքելու։ Նույնիսկ լուրեր են շրջում, որ ոստիկանական տեղամասի դուռ-լուսամուտներն են կոտրել։ Եվ իբր այդ լարված մթնոլորտում նոր անցանկալի հետևանքներ չառաջացնելու համար են Շիրինյանի և Չախալյանի ընտանիքների անդամներին կալանավորել, սկզբում տեղափոխել են Ախալցխա, իսկ հետո՝ Թբիլիսի։ Եթե դա արվել է իրավիճակը լիցքաթափելու համար, ապա հասկանալի չեն կալանքի տակ օրենքով նախատեսված ժամկետից երկար պահելու շարժառիթները։
-Ի՞նչ դիրքորոշում են դրսևորել Ջավախքի մյուս հասարակական-քաղաքական կազմակերպությունները։
-«Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը դեպքերից անմիջապես հետո ելույթ ունեցավ և նույնպես արձանագրեց, որ ձերբակալություններն իրականացրել են ընթացակարգային նորմերի խախտումներով։ Ընդհանուր իրավիճակի հետ կապված հասկանալի է, որ քաղաքում հատուկ ջոկատայինների առկայության և օպերատիվ գործողությունների իրականացման պայմաններում հասարակական-քաղաքական կազմակերպությունները չէին կարող նիստեր գումարել, որոշումներ կամ հայտարարություններ ընդունել։ Որոշակի հստակ, պաշտոնական տեղեկատվության պակասը ևս տարբեր լուրերի, իրականությանը գուցեև չառնչվող վարկածների տարածման պատճառ է դառնում։
-Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս ամբողջ գործողությունը հատկապես ուղղվեց «Միասնական Ջավախք» կազմակերպության դեմ։
-Ինձ համար բացարձակապես անհասկանալի է։ Ես այն կարծիքին չեմ, որ «Միասնական Ջավախքն» ավելի ընդգծված գործունեություն էր ծավալում, քան Ջավախքում գործող մյուս հայկական կազմակերպությունները։ Մանավանդ հասկանալի չէ, թե ինչու պայթյունի հետ կապված այդ գործն անմիջականորեն կապեցին նրանց հետ։ Ավելին, մինչ օրս պարզ չէ, թե ինչ պայթուցիկ սարք է գործել։ Եթե դա որակվում է իբրև տեղի ոստիկանության պետի նկատմամբ նախաձեռնված ահաբեկչություն, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ էին այդ սարքը նրա տնից երկու տուն այն կողմ դրել։ Հարցականները շատ են, և առայսօր լիարժեք պարզաբանումներ չեն տրվում իշխանությունների կամ ոստիկանության կողմից։
-Հայաստանում բազմիցս տեսակետներ հնչեցին, որ այս ամենը կազմակերպված սադրանք է։ Ձեր կուսակցությունը մեծ մասամբ ջավախահայերից է կազմված, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում իրավիճակը պարզելու համար։
-Մեր կուսակցության վարչության անդամ, Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հիմա Ջավախքում է։ Նա ծանոթացել է տեղի իրադրությանը և կարծիք հայտնել, որ սա իսկապես կազմակերպված սադրանքի տպավորություն է թողնում։ Հասկանալի չէ, թե այս ամենն ում էր ձեռնտու. ոչ մեկին չվնասած պայթյուն, որի հետևանքը եղան օպերատիվ գործողությունը և երկու երիտասարդ զոհեր։ Տեղեկատվության պակասն էլ Ջավախքի բնակչության, հասարակական կազմակերպությունների մեջ ավելի է խորացնում սադրանքի վարկածի հավաստիությունը։ Կարծում եմ, դեռ ժամանակ կպահանջվի բոլոր այդ հարցականների պատասխանները գտնելու համար։ Տեսնենք ինչ պարզաբանումներ կտան իշխանությունները, ոստիկանությունը, ում նկատմամբ ինչպիսի մեղադրանքներ պաշտոնապես կհարուցվեն կամ կներկայացվեն։ Երևի այն ժամանակ ավելի հստակ հետևություններ անելու հնարավորություն կունենանք։ Բայց այս անորոշության մեջ Ախալքալաքում իրադրությունը, իհարկե, շարունակում է լարված մնալ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5815

Մեկնաբանություններ